Ընդհանուր նկարագիր

Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցը գործում է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից և ներառում է տարրականմիջին և ավագ դպրոցներ: Դպրոցում կրթության կազմակերպման հիմնական նպատակը սովորողի ինքնազարգացման հնարավորությունների բացահայտումն ու ինքնուրույնության խթանումն է: Այդ նպատակին հասնելու համար մեզ մոտ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ, ինչի շնորհիվ իրականացվում է սովորողի հնարավորությունների հավասար զարգացումը: Այդ է պատճառը, որ դպրոցում իրականացվող կրթական ծրագիրը կոչվում է «Հնարավորությունների հավասար զարգացման համակարգ»:

Սովորողի բոլոր հնարավորությունների զարգացումն ապահովելու համար դրանք պայմանականորեն բաժանում ենք երեք հիմնական ուղղությունների՝ ֆիզիկական, մտավոր ու հոգևոր: Հետևապես կրթական ծրագրում ընդգրկված սովորողի համար ապահովվում է համապատասխանաբար՝ ֆիզիկական ուղղվածության ակտիվություն (ՖՈՒԱ), մտավոր ուղղվածության ակտիվություն (ՄՈՒԱ) ու հոգևոր (ստեղծագործական) ուղղվածության ակտիվություն (ՀՈՒԱ): Կրթական ծրագրում ուսումնական առարկաները նույնպես բաշխված են ըստ երեք հիմնական ուղղությունների, որոնց շնորհիվ էլ ապահովվում են համապատասխան ակտիվությունները՝ պահպանելով երեխայի ակտիվությունների համամասնությունն օրվա ժամանակացույցում:

Թե՛ տարրական, թե՛ միջին և թե՛ ավագ դպրոցներում, ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցում է իրականացվում` օգտագործելով առաջատար կրթական ծրագրեր և համապատասխան ուսումնական նյութեր: Բոլոր դասագրքերն աշակերտներին տրամադրվում են դպրոցի կողմից: Իսկ դասասենյակների ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս լայնորեն օգտագործել դասավանդման նորարարական մեթոդները բոլոր դասարաններում:

Ավագ դպրոցում ուսուցումը կազմակերպվում է  հոսքային ուղղություններով՝ հիմնվելով աշակերտների նախընտրությունների վրա: Ուսուցումը կարող է իրականացվել հետևյալ չորս հոսքային ուղղություններով՝ ֆիզիկամաթեմատիկական, հումանիտար, բնագիտական և տնտեսագիտական: Յուրաքանչյուր հոսքային ուղղության համար մշակված է առանձին ուսումնական ծրագիր:

Թե՛ տարրական դպրոցում, թե՛ միջին և ավագ դպրոցներում, օտար լեզուներ սովորելիս դասարանները  բաժանվում են տարամակարդակ խմբերի, ինչն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցման գործընթացը:

Միջին և ավագ դպրոցներում կիրառվում է նախագծային ուսուցման սկզբունքը, որը հնարավորություն է տալիս հետաքրքիր գաղափարների շուրջ ստեղծել թեմատիկ նախագծեր՝ կապ ստեղծելով տարբեր առարկաների միջև։ Ներգրավված լինելով նախագծերին՝ աշակերտները զարգացնում են իրենց գիտելիքները և հմտությունները, սովորում են լուծել ընթացքում ծագող հարցերն ու խնդիրները, սովորում են ճիշտ կառավարել իրենց ժամանակը և  զարգացնել թիմում աշխատելու կարողությունը։

Բացի հանրակրթական պետական հիմնական ծրագրում ներառված առարկաներից՝ դպրոցի «Հնարավորությունների հավասար զարգացման համակարգ»-ը, ինչպես նաև դրա հայեցակարգը ենթադրում են պարտադիր լրացուցիչ կրթություն հետևյալ ոլորտներում՝ ֆիզիկական, մտավոր, հոգևոր (ստեղծագործական) ուղղվածության ակտիվություն։ Լրացուցիչ կրթական բաղադրիչի համար դպրոցն ունի հատուկ դասարաններ՝ անհրաժեշտ տեխնիկայով ու սարքավորումներով կահավորված։ Հատուկ կահավորված են օրինակ՝ նկարչության, խեցեգործության, ռոբոտաշինության, ծրագրավորման, պարի, կարուձևի, խոհարարության դասարանները, որոնցում առկա են յուրաքանչյուրի համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումները, նյութերը։

Դպրոցն ունի ճաշարան՝ հագեցած ժամանակակից պրոֆեսիոնալ սարքավորումներով: Ճաշարանի աշխատանքը կարգավորվում է սանիտարահամաճարակաբանական կանոններին ու կանոնակարգերին համապատասխան: 1-6-րդ դասարանի աշակերտները օրական ստանում են երեքանգամյա  սնունդ (տաք նախաճաշ, ճաշ, հետճաշիկ), իսկ 7-12-րդ դասարանի աշակերտներին տաք նախաճաշ ու ճաշ է տրամադրվում: Սնունդը պատրաստվում է՝  հաշվի առնելով օրգանիզմի տարիքային պահանջները և հիմնված է առողջ սննդի սկզբունքների վրա:

Դպրոցում կա բժշկի սենյակ, որն ապահովված է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներով: Դպրոցն ունի նաև համապատասխան պայմաններ սովորողներին հոգեբանական աջակցության համար: Ախտորոշելով երեխայի ճանաչողական գործընթացներն ու հուզական ոլորտը՝ հոգեբանները հանդես են գալիս որպես երեխաների, ծնողների և ուսուցիչների միջև կապ, և վերջիններիս հետ համագործակցելով՝ օգնում են երեխայի հարմարվողականությանն ու հետագայում անձնական ներուժի բացահայտմանը: Դպրոցն ունի նաև լոգոպեդի ծառայություն, որի պահանջարկը մեծ է հատկապես տարրական դպրոցում:

Ուսման տարեկան վարձը 2023-2024 ուստարվա համար 2.070.000 ՀՀ դրամ է, որը պահպանվում է յուրաքանչյուր դպրոցի համար։ Միևնույն ընտանիքից երկրորդ երեխայի՝ մեր համալիրի դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու պարագայում նախատեսված է 10% զեղչ, երրորդ երեխայի համար՝ 20% զեղչ, չորրորդ երեխայի համար՝ 30% զեղչ և այլն: Ծնողներին հնարավորություն է տրվում ընտրել վճարման եղանակը (միանվագից մինչև ամսավճար): 

Մանրամասների համար կարող եք զանգահարել   012 620 626 հեռախոսահամարով։